Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ես մեր սարերն եմ ուզում, ձեր օվկիանոսն իմ ի՞նչ խելքի բանն է

Ես մեր սարերն եմ ուզում, ձեր օվկիանոսն իմ ի՞նչ խելքի բանն է
10.07.2024 | 09:51

Եվ եղավ այն, ինչից սարսափում էի, ինչի մասին վախենում էի անգամ մտածել՝սիրեցի օտարությունը: Ինձ սկսեց գրավել օտարության մեջ եղած ազատությունը: Թքա՜ծ, որ հուլիսին ձյուն է մաղում գլխիդ, թքա՛ծ՝ էլեկտրաէներգիան թա՞նկ է, թե էժան, թող տանտիրուհին մտածի: Ի՞նչ կապ ունի, որ արևը մայր չի մտնում, կլոր պտտվում է շուրջդ, սպիտակ գիշեր ու մի քիչ ավելի սպիտակ ցերեկ է լինում: Երեկոյան մի բաժակ կխմես ազգի ու հայրենիքի կենացը, մի քանի շշից կմոռանաս որտեղ ես ու լիաթոք կծիծաղես: Դու ոչ հարբեցող ես, ոչ անհայրենիք: Ուզում ես գոռալ, որ դու գրականություն ես սիրում, ոչ թե աղյուս, որ դու չարենցյան կրակը տերյանական ռոմանտիկային խառնած ես սիրում, ոչ թե ցեմենտը՝ ավազին: Դու հայուհու ժպիտն ես սիրում, խորքը աչքերի, բայց քեզ շիկահերն է գրկած ջերմացնում, իսկ հայուհին ասում էր՝ դու անտանելի ես: Դու հայ ես, բայց Հայաստանում չես, սիրտդ հայուհուն է սիրում, բայց շիկահերին ես համբուրում: Դու ինքդ էլ չգիտես, թե ով ես, ու ինչի՞ համար է կյանքը քեզ հասցրել օվկիանոսի ափ: Ես մեր սարերն եմ ուզում, ձեր օվկիանոսն իմ ի՞նչ խելքի բանն է: Դու չգիտես՝ դավաճանու՞մ ես, թե քեզ են դավաճանում: Կենացդ, Հայաստա՛ն: Լի՛ց, բախտակից ընկեր, ասում են՝ տղեդ արդեն խոսում է, լից, որ չգժվենք: Սա էլ խմենք, որ դուրսը տնից վատ լուր չլսենք, տունն էլ՝ դրսից: Արդեն հարբած եմ, էլի լից ու հավատա՛ սա՛ էլ ազատություն չէ: Մենք հոգով ազատ ենք ստրկության մեջ ու անում ենք այն, ինչ չենք ուզում: Մենք ոչ նյութապաշտ ենք, ոչ էլ որկրամոլ, որ փողի համար վախկոտի պես փախել ենք խորտակվող նավից: Ինչի՞ ես թարս նայում, մենք փախել ենք լավ կյանքի սպասումով, ախր ո՞վ է իր լավը քեզ նվիրելու: Սրանք մի կտոր քար են գտել, բերել դրել են թանգարան ու հիանում են, մենք դրանից շատ ունենք: Լից խմենք կենացը մեր ամուր ժայռերի: Սրանց արևն էլ մեզ պես անտուն թափառում է, խեղճն ի՞նչ անի, սար էլ չկա որ հետևը մտնի, լի՛ց խմենք կենացը մեր սարերի: Մենք հարբած փիլիսոփաներ ենք, ազգի պատմությունից ենք խոսում, եկել մեր կամքով ստրկացել ու ազատություն ենք քարոզում: Մենք ազա՞տ ենք, թե՞ էնքան էլ չէ, ամեն ինչ իրար խառնեցինք: Վաղն էլի աշխատանքի ենք, ու էլի, «Ես իմ անուշ Հայաստանի…» արտասանելով, ռուսի երկնքից եկած ձյան տակ ենք մրսելու…

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 10911

Մեկնաբանություններ